Գավառի գաթա` տնական, համեղ, յուղոտ, քաղցր հայկական քաղցրավենիքի բաղադրատոմս

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստելու ենք  ավանդական անուշահամ Գավառի գաթա, բազմաթիվ շերտերով, յուղոտ, համով, տնական մի գլուխգործոց։ Այս քաղցրավենիքի համի մասին մեր տուրիստները լեգենդներ են պատմում իրենց հայրենիքներում և իսկապես արժանի է անսպառ գովեստի մեր Քյավառի գաթան։

Գավառի գաթա

Գավառի գաթա Բաղադրիչներ

Խմոր
  • Կարագ — 400 գր․
  • Թթվասեր — 400 գր․
  • Սոդա — 1 թ․ալյուր
  • Ձու — 4 հատ
  • Ալյուր — 800 գր․
  • Աղ — մեկ պտղունց
Խորիզ
  • Կարագ — 400 գր․
  • Շաքարավազ — 400 գր․
  • Ալյուր — 200 -250 գր․
  • Վանիլին

Գավառի գաթա Քայլ առ քայլ

  • Գավառի գաթա առանձնահատկություններից մեկն էլ իր առատ յուղի կամ կարագի օգտագործումն է

Գավառի գաթա

  • 400 գրամ կարագը սենյակային ջերմաստիճանում արդեն փափկած վիճակում կօգտագործենք, կարելի է նաև յուղի վերածել իսկական տնական համուհոտ ստանալու համար
  • Գավառի գաթայի մեջ մածունի փոխարեն պարտադիր թթվասեր են օգտագործում, իդեալական կլիներ եթե տնական պատրաստած լիներ 400 գրամ կօգտագործենք
  • 4 տնական ձու կավելացնենք
  • Հարկավոր է հարել այս զանգվածը
  • Այժմ ալյուրը չոր բաղադրիչների հետ ավելացնելու ժամանակն է
  • 500 գրամ ալյուրի հետ 1 թեյի գդալ սոդա և մեկ պտղունց աղ կավելացնենք
  • Կմաղենք սա արդեն մեր ունեցած զանգվածի վրա և կշարունակենք հարել հարիչով
  • Ալյուրի մի որոշ զանգված լցնելով սեղանին, այժմ պետք է խմորը հունցել սեղանին
  • Ընդհանուր հաշվով խմորի համար օգտագործվում է 800-900 գրամ ալյուր
  • Պետք է ստացվի հաճելի փափուկ, բայց ձեռքերին չկպնող խմոր
  • Գավառի գաթայի խմորը շատ չենք հունցում
  • Ամբողջը հարկավոր է բաժանել 3 գնդի, դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ և մի կես ժամով կողքի դնել, որի ընթացքում կհասցնենք պատրաստել միջուկի խորիզը
  • Համեղ խորիզ ստանալու համար կարագ կամ յուղ կվերցնենք 400 գրամ
  • Շաքարավազ 400 գրամ կավելացնենք, կարող եք և կիսել այս չափաբաժինը, եթե շատ քաղցրից խուսափում եք
  • Ալյուր կավելացնենք 200 -250 գրամ, անհրաժեշտության դեպքում արդեն կկողմնորոշվեք ընթացքում
  • Վանիլին կես թեյի գդալ
  • Ձեռքով խառնենք, արդյունքում պետք է ստացվի այսպիսի մեջտեղում կպնող կողքերից փշրվող խորիզ, մի փոքր թաց խորիզ
  • Խորիզն էլ է պատրաստ անցնենք արդեն գաթան ձևավորելուն
  • Կարևոր պայման է այս ողջ ընթացքում անպայման ժպտալ և քթի տակ մի հաճելի երգ երգել
  • Այս բաղադրատոմսի մանրամասներով ինձ հետ կիսված իմ ծանոթ գավառցի կինն է խորհորդ տվել
  • Մինչ կսկսենք գաթան ձևավորել ջեռոցը հարկավոր է միացնել, որպեսզի այն արդեն տաք լինի գաթան տեղավորելիս
  • Բացենք առաջին գունդը
  • Այնքան փափուկ հաճելի, հեշտ բացվող խմոր է
  • Հնարավորինս լայն բացենք

Գավառի գաթա

  • Գավառի գաթան տարբերվում այլ գաթաներից իր հնարավորինս շատ շերտեր ունենալով
  • Իսկ շերտերը ձևավորում ենք հետևյալ կերպ
  • Փռված լավաշի կենտրոնական մասով ձեռքով տարածում ենք խորիզը մի շերտով
  • Վրա են բերում մի կողմից շերտը այդ կենտրոնական ծածկում
  • Այս շերտի վրա նույնպես խորիզ ենք քսում երկայնքով մեկ
  • Հաջորդ շերտով ենք ծածկում և եզրերը մատով ամրացնում ենք, կպցնում
  • Հաջորդ քայլը կենտրոնում ենք խորիզ քսում ուղղանկյունաձև
  • Ձախ կողմից ծածկում այդ հատվածը
  • Կրկին վրան խորիզ քսում և աջ կողմից ենք վրա բերում ծածկում
  • Ստանում ենք ուղղանկյունաձև այսպիսի տեսք
  • Խմորի եզրերը կրկին լավ ամրացնում ենք և սկսում ենք այն գրդնակելով տարածել, լայնացնել դեպի աջ և ձախ
  • Այս ընթացքում խորիզն էլ է տեղավորվում, ինքն էլ բարակում է, մոտավորապես մեկուկես սանտիմետր հաստություն ստանալը բավական է
  • Այս խմորը պետք է արդեն տեղավորենք ջեռոցի տապակի մեջ, այն լրացուցիչ յուղով կամ ձեթով պատելու կարիք չկա քանի որ խմորն արդեն ինքնին յուղոտ է
  • Հարկավոր է պատառաքաղով այն ձևավորել, ցանկացած նախշ կարող եք անել, ես շեղանկյունաձև ահա այսպիսի գծերով կծակծկեմ գաթան
  • Այս հարմարավետ սարքով էլ կտարածեմ մեկ հարած ձուն ամբողջ գաթայի երեսով մեկ
  • Ճիշտ ժամանակն է գաթան ուղարկել տաք ջեռոց, 180 աստիճանում 40 րոպե եփվելու

Գավառի գաթա

  • Հրաշալի քաղցր բույրով է լցվել մեր խոհանոցը
  • Այսպիսի կարմրաթուշ գաթա ստանալու համար պարտադիր է ունենալ որակյալ ջեռոց, արդեն կարմրաթուշ մեր գաթան ջեռոցից հանելու ճիշտ ժամանակն է, ցանկալի է իհարկե թողնել, որ այն մի փոքր սառչի նոր կտրատել
  • Կարելի է ուղղանկյունաձև կտրատել, շեղանկյունաձև, դա արդեն ձեր ընտրությամբ է
  • Ես փախլավաձև կկտրատեմ, կհիանամ և իհարկե սուրճով կվայելեմ այս հրաշք անուշաբույր գավառի մեր գաթան
  • Այն շատ յուղոտ է , կալորիական, հագեցնող և իհարկե անչափ համեղ, շատ պարզ է և հեշտ իր պատրաստման մեջ

Դե ինչ , բարի ախորժակ։

Գավառի գաթա պատրաստման տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք