Շոկոլադե չիզքեյք. Սա համի իրական մոգություն է: Այնքան դժվար է նկարագրել այս նուրբ համը: Քնքուշ ու եթերային այս խմորեղենը ուղղակի հալչում է բերանում: Այն բամբակի պես թեթև է:
Դե իսկ եթե դուք շոկոլադի սիրահար եք և անտարբեր չեք չիզքեյքերի նկատմամբ, ուրեմն ձեզ բառացիորեն կխենթացնի այս շոկոլադե համեղությունը:
Պատրաստումը միայն առաջին պահին է բարդ թվում, բայց վստահ եղեք, որ շատ պարզ է և կկարողանաք հեշտ ու հաճույքով թխել այս ախորժաբույր խմորեղենը:
Դե ինչ, սկսենք:
Շոկոլադե չիզքեյք. Բաղադրությունը.
- 3 ձվի սպիտակուց
- 70 գ շաքար
- 120 գ կրեմ պանիր
- 120 մլ կաթ
- Մի պտղունց աղ
- 100 գ շոկոլադ
- 20 գ կարագ
- 3 ձվի դեղնուց
- 15 գ ռոմ (դուք կարող եք չավելացնել)
- 25 գ ալյուր
- 10 գ եգիպտացորենի օսլա
Շոկոլադե չիզքեյք. Քայլ առ քայլ բաղադրատոմս
- Առանձնացրեք սպիտակուցները դեղնուցներից:
- Հարել սպիտակուցները շաքարավազով, որպեսզի ստացվի համասեռ, փափուկ, սպիտակ զանգված:
- Շոկոլադը կտորների բաժանել:
- Կաթսան դնել կրակի վրա, ավելացնել կրեմ պանիր և կաթ: Երբ պանիրը լուծվի կաթի մեջ, ավելացնել մի պտղունց աղ և շոկոլադ:
- Տաքացման ընթացքում ավելացնել կարագը և խառնել մինչև ամբողջովին լուծվի:
- Հանել կրակից և ավելացնել դեղնուցները, խառնել խառնիչով և ավելացնել ռոմը:
- Զանգվածի վրա մաղել ալյուրը և եգիպտացորենի օսլան և խառնել, կստացվի խմոր:
- Մի փոքր էլ հարել սպիտակուցները, որոնք մենք ավելի վաղ հարել էինք և դրան ավելացնել խմորը:
- Նրբորեն խառնել ամեն ինչ խառնիչով, ապա սիլիկոնե բահիկով:
- Ձևամանի ներքեւի մասը ծածկեք յուղաթղթով եւ փայլաթիթեղով, իսկ ներսի կողմից՝ յուղաթղթով: Լցրեք խմորը: Վերևի մասը հարթեցնել բահիկով:
- Ձևամանը դնել ավելի մեծ տապակի վրա, լցնել տաք ջուր և 80 րոպե դնել ջեռոցում, որը տաքացվել է 120 աստիճանով, ապա հասցնել 180 աստիճանի և թխել ևս 10 րոպե:
Թող չիզքեյքը մի փոքր սառչի, այնուհետև հանեք կաղապարից և պոկեք թուղթը:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Չիզքեյք առաց ջեռոցի
Facebook Comments