Տնական կետչուպ ձմռան համար. Սա հենց այն է, ինչը կարելի է համարել թե սովորական, թե խնջույքի սեղանի անբաժանելի բաղադրիչ:
Արդեն բավական երկար ժամանակ է, որ խանութից չեմ գնում կետչուպ, քանի որ հայտաբերել եմ այս հարմար, պարզ ու համեղ պահածոյի բաղադրատոմս: Կարելի է ասել, որ արդեն չեմ հիշում, թե ինչ տեսք ունի խանութի կետչուպը, ավելի հարմար և ճիշտ եմ համարում ինքս փակել տանը:
Այս տարի պատրաստածս բանկաները տնեցիք արդեն սկսել են բացել, ամենայն հավանականությամբ էլի կփակեմ մի քանի բանկա: Ստացվում է շատ համեղ կետչուպ:
Տնական կետչուպ. Անհրաժեշտ բաղադրիչներ
_լոլիկ 3 կգ
_խնձոր 0,5 կգ
_սոխ 250 գրամ
_շաքարավազ 1,5 բաժակ
_աղ 1,5 ճաշի գդալ
_խնձորի քացախ 50 գրամ
_սխտորը կարող է ավելացվել ձեր ցանկությամբ, այս չափերին մի գլուխը բավարար կլինի
_աղացած պղպեղ ըստ ճաշակի:
Տնական կետչուպ. Քայլ առ քայլ բաղադրատոմս
_Խնձորը, լոլիկը և սոխը կտրել կամայականորեն: Միևնույն է, ամեն ինչ եփվելու է, այնպես որ պարզապես մի անհանգստացեք դրա համար:
_Մաքրած ու կտրատած բանջարեղենը լցնել կաթսայի մեջ և եփել մինչև սոխը փափկի:
_Այնուհետև մանրացնել ամբողջ բանջարեղենը բլենդերով և եփել մինչև ցանկալի խտությունը: Սովորաբար պետք է եփել 45-50 րոպե:
_Պատրաստ լինելուց 10 րոպե առաջ ավելացնել աղ, շաքար և քացախ: Եթե ցանկանում եք, ապա նաև ճզմած սխտորը:
_Լցնել պատրաստի տաք կետչուպը ստերիլիզացված բանկաների մեջ և ամուր փակել:
Ձմռան համար տնական կետչուպ պատրաստեք ըստ այս բաղադրատոմսի, կարող եք վստահ լինել, որ այն շատ համեղ կստացվի:
Տնական կետչուպը պատրաստ է:
Բարի ախորժակ: