Մսով սուջուխ. Շատ համեղ, տնական նախուտեստի իսկական բաղադրատոմսը

Մսով սուջուխ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Մսով սուջուխ. Շատ համեղ նախուտեստ պատրաստեք պարզ ու հեշտ եղանակով:

Մսի սուջուխը նույնպես երշիկեղենի և ապխտած կամ արևելյան մսեղեն պահածոների մի տեսակ է, որը հագեցած է համեմունքներով՝ սխտորով, կարմիր և սև աղացած պղպեղով:

Լցոնը թաղանթի մեջ լցնելուց հետո այն ամուր սեղմում-մամլում են: Քամահարելու շնորհիվ օդում չորացնում են այնքան, որ լավ չորանա: Սոիջուխին տալիս են տափակացված, եզրերը կլորացված աղեղի, պայտի ձև: Յուրաքանչյուր բաժինը պետք է լինի մոտավորապես 15-20 մմ հաստությամբ, 20-25 սմ երկարությամբ և կշռի 150-200 գրամ:

Մսով սուջուխ

Մսով սուջուխ. Անհրաժեշտ բաղադրիչները

_ Տավարի միս 10 կգ

_ Աղ 250-300 գր

_ Սելիտրա 10 գր

_ Կարմիր պղպեղ 70 գր

_ Սև կծու պղպեղ 30 գր

_ Աղացած սխտոր 100 գր

_ Դարչին 2 գր

_ Հիլ 2 գր

Մսով սուջուխ

Մսով սուջուխ. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

_ Միսը մանր կտրատել, ավելացնել աղը և սելիտրան, լավ խառնել և 24-36 ժամ թողնել պատշգամբում կամ խոհանոցում՝ 10-14 աստիճան ջերմաստիճանում: Ցանկալի է հարմարեցնել այնպես, որ արտազատվող մսաջուրը դուրս հոսի ամանից:

_ Նախապատրաստված միսն աղալ երկու անգամ, որ հնարավորինս լավ մանրացվի: Ավելացնել համեմունքները և ձեռքերով հունցել մոտ 15 րոպե, որ ստացվի համասեռ, լավ մածուցիկ, կպչուն զանգված:

_ Թողնել միսը հանգստանա 5-6 ժամ:

_ Այդ ընթացքում պատրաստել աղիքի թաղանթը, այն մի քանի անգամ լվանալ հոսող ջրի տակ, որից հետո աղիքի ծայրը հագցնել ներարկման գործիքին, կամ ձագարին:

_ Պատրաստի մսային զանգվածը զգուշորեն լցնել աղիքի մեջ, պարբերաբար, համապատասխան չափի հասնելուց հետո կտրատում, ծայրերը ամուր կապում և կախում չորանալու:

_ Քանի որ լցոնի հետ բավական օդ է լցվում, որի պատճառով կարող է սկսվել փտման պրոցես, այդ պատճառով անհրաժեշտ է մի քանի տեղից անցքեր բացել պատառաքաղով,որ օդը դուրս գա:

_ Եթե եղանակը խոնավ է, լավ կլինի երկու օրը մեկ մաքուր մառլյան թրջել աղաջրի մեջ և շփել սուջուխները:

_ Երբ կիսաաչոր վիճակի է հասնում, սուջուխի կտորները գրտնակով տափակացնում են ու դնում ծանրոցի տակ, որպեսզ այն մամլվի և աղիքաթաղանթի մեջ օդի շարժ չլինի:

_ Այդպես թողնել 24-36 ժամ, ապա հանում և չորացնում հով տեղում: Խորհուրդ է տրվում չորացնել օդափոխիչի միջոցով, պատշգամբում կամ ծածկի տակ, բայց ոչ մի դեպքում՝ արևի տակ:

Լավ չորացած վիճակում սուջուխն ունենում է փայլեցրած պողպատի գույն: Այն կարելի է պահել լավ օդափոխվող մառանում, կամ սառնարանում:

Մսով սուջուխ

Մսով սուջուխը պատրաստ է:

Բարի ախորժակ։

Տեսանյութ

Բաստուրմա Հայկական․ Ընտիր Համով Ապուխտ Տավարի Մսից

Խնդրում ենք Գնահատեք