3 Նոր Ամանորյա Աղցաններ 2020 (2)․ Հեշտ, Արագ և Շատ Համեղ

ԱՂՑԱՆՆԵՐ

Տոներին հաշված օրեր են մնացել, նախատոնական վերջին գնումներ եք երևի արդեն վերջացնում, բայց այ աղցանների հարցում դեռ չեք կողմնորոշվել ։ Համեղ բաղադրատոմսեր ալիքում հերթական նախատոնական աղցանների ներկայացումն է, որոնք հատկապես շատ արագ են պատրաստվում, շատ համեղ են, թարմ և կարևորը բացարձակ նորույթ են։

Նոր Ամանորյա Աղցաններ 2020

Ամանորյա Աղցաններ — Տարբերակ 1 — Բաղադրատոմս

  • Ավոկադո — 1 հատ
  • Չերի լոլիկ — 3 հատ
  • Սոխ — 0․5 գլուխ
  • Սխտոր կես ատամ
  • Կիտրոն ճզմելու համար
  • Ձիթայուղ
  • Աղ — պղպեղ
  • Տարտալետկաներ հյուրասիրելու համար

Աղցան 1 — Պատրաստման եղանակը

  • Օգտագործելու ենք հանքանյութերով շատ հարուստ արևադարձային միրգ ավոկադո
  • Այն կիսելու ենք, և գդալով հանելու պտուղը կեղևից,
  • Ավոկանդոն իր համով ոչ քաղցր է, ոչ թթու, շատ իներտ չարտահայտված համ ունեցող պտուղ է
  • Գնելուց թեթևակի սեղմելով ստուգեք, որ հասած լինի, ոչ շատ պինդ, մի փոքր փափուկ, որպեսզի պիտանի լինի ուտելու, իսկ եթե ամեն դեպքում խակ միրգն եք առել, 1-2 օրում սենյակային ջերմաստիճանում այն արագ կհասնի
  • Հասած միրգը շատ հեշտ է այսպես պատառաքաղով տրորելը
  • Աղ և սև պղպեղ ենք անում
  • Կես ատամ սխտոր են ճզմում վրան, շատ պետք չէ
  • Չերի լոլիկները մանր կտրատում ենք և ավելացնում վրան
  • Մեկ գլուխ սոխի մեկ քառորդն ենք մանր կտրատում և ավելացնում աղցանի վրա
  • Մի քանի կտոր ընկույզ կտրատենք և ավելացնենք մեջը
  • Ձիթայուղ ենք ավելացնում մի փոքր և լավ խառնում իրար

Նոր Ամանորյա Աղցաններ 2020

  • Կարծում եմ հարկ չկա նշելու, որ աղցանը հարկավոր է պատրաստել հյուրասիրելուց մի փոքր առաջ
  • Վերցնում ենք տարտալետկաներ փոքրիկ մեկ բերանի համար, մեջը լցնում մեր առաջին աղցանը և ավոկադոյի կտորով զարդարում
  • Մատուցելուց անմիջապես առաջ վրան պետք է կիտրոն ճզմենք, այս պահին դա չենք անի
  • Շատ էկզոտիկ, թարմ բույրով, հետաքրքիր համով աղցան ունենք արդեն
  • Անցնենք հաջորդ աղցանին

Ի դեպ, մեր ալիքում կան նաև նոր Ամանորյա աղցանների ևս մի քանի բաղադրատոմսեր, ես դրանց հղումները կթողնեմ տեսանյութի տակ, եթե դեռ չեք հասցրել նայել, ապա արագ մտեք նայեք, այդ աղցաններն էլ շատ հետաքրքիր են և նոր։

Ամանորյա Աղցաններ — Տարբերակ 2 — Բաղադրատոմս

  • Հավի խաշած կրծքամիս — 1 հատ
  • Բուլղարական պղպեղ — 1 հատ
  • Վարունգ — 1 հատ
  • Ֆետա պանիր — 50 գրամ
  • Կանաչ ոլոռ — 50 գրամ
  • Սամիթ — նոսր փունջ
  • Մայոնեզ — 1 ճ․ գդ․
  • Աղ — պղպեղ

Նոր Ամանորյա Աղցաններ 2020

Աղցան 2 — Պատրաստման եղանակը

  • Խաշած հավի կրծքամիսը կտրատում ենք մանր խորանարդիկների և լցնում ենք աղցանամանի մեջ
  • Բուլղարական պղպեղ ենք կտրատում նույն չափի խորանարդիկներով և ավելացնում աղցանամանի մեջ
  • Թարմ վարունգի կեղև մասնակի հանում ենք, որ շուտ ջուրը դուրս չտա և առավել ընդգծված համը լինի աղցանի մեջ
  • Ֆետա պանիր մեզ անհրաժեշտ կլինի, այն նույնպես պետք է կտրատենք նախորդ բաղադրիչների չափսի խորանարդիկների
  • Աղցանի մեջ լցնում ենք մարինացված կանաչ ոլոռ մոտ 3 մեծ ճաշի գդալ
  • Աղ և պղպեղ ենք անում
  • Մի փոքր սամիթ ենք լցնում կտրատված
  • Առատ մայոնեզ ենք անում և խառնում ենք, դնենք մի փոքր կողքի, որպեսզի համերը խառնվեն, իսկ մինչ այդ պատրաստենք մեր 3 տոնական աղցանը

Ամանորյա Աղցաններ — Տարբերակ 3 — Բաղադրատոմս

  • Գազար — 1 խոշոր
  • Յուղոտ պանիր /լոռի/հոլանդական/ — 100 գր․
  • Ընկույզ — 50 գր․
  • Նուռ — 50 գր․
  • Սամիթ — նոսր փունջ
  • Մայոնեզ — 1 ճ․ գդ․
  • Աղ — պղպեղ

Աղցան 3 — Պատրաստման եղանակը

  • Վերցնում ենք թարմ մեկ խոշոր կամ երկու միջին չափի գազար՝ ստեպղին, անցկացնում ենք այն քերիչով և լցնում աղցանամանի մեջ
  • Ձմռան այս սեզոնին հատկապես շատ օգտակար է թարմ բանջարեղեններ շատ օգտագործելը
  • Այժմ պետք է քերիչով անցկացնենք պանիր, պարտադիր վերցրեք յուղոտ պանիր, կարող եք անգամ լոռի պանրի յուղոտ տեսակներից վերցնեք, կարելի է և հոլանդական պանիր, չեդեր, ինչևէ, մեկ խորհուրդ
  • Որպեսզի պանիրը քերիչով հեշտ անցկացնեք, քերելուց առաջ մոտ կես ժամով սառցախցիկում դրեք այն շատ ավելի մաքուր և հեշտ կքերվի
  • Մի քանի ընկույզ ենք կտրատում վրան, դե ինչ տոնական աղցան առանց ընկույզի
  • Նուռ ենք մաքրում աղցանի մեջ, դա էլ է տոնական աղցանի հավելում
  • Վերջում մի քանի ճյուղ սամիթ հենց ձեռքերով կկտրատենք վրան
  • Մայոնեզ ենք առատորեն լցնում, աղ և պղպեղ ենք անում
  • Մի փոքր էլ իմ սիրելի սխտորից կլցնենք մեջը
  • Լավ խառնում ենք մեր անչափ համեղ աղցանը, իսկապես շատ նուրբ և տոնական համ ունի, չեք փոշմանի հաստատ, հարմար է ոչ միայն ամանորյա սեղանին, այլև հենց երեկոյան ճաշին էլ կարող եք փորձել
  • Մեզ կրկին օգնության կգան տարտալետկաները, վաֆլե հացիկանման թխվածքները, որոնց մեջ կլցնենք և կմատուցնեք մեր 3 աղցանը

Նոր Ամանորյա Աղցաններ 2020

Մատուցում եք ըստ ձեր ճաշակի և սպասքի, ես չէ, որ պետք է ասեմ, ես պարզապես ներկայացնում եմ իմ մատուցելու տարբերակը, խնդրեմ։

Կենտրոնում հիմնական աղցանը կտեղավորենք, իսկ շրջակայքում էլ դե մեր երկու մյուս նորույթները։

3 Նոր Ամանորյա Աղցաններ 2020 — 2 Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք