Դդումի մուրաբա. Անուշաբույր աղանդեր որից մենք երբեք չենք ձանձրանա

Դդումի մուրաբա ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Դդումի մուրաբա պատրաստելու եղանակը մի փոքր տարբերվում է սովորական մուրաբաների պատրաստման եղանակներից: Այս դեպքում պետք է պտղամիսը նախապես մշակել կրաջրով, որպեսզի եփվելուց հետ չփխլվեն, այլ մնան ամուր ու խրթխրթան: Մենք բոլորս սիրում ենք դդումի մուրաբան հենց այդ խրթխրթան քաղցրության ու յուրահատուկ համի պատճառով:

Մուրաբան ձեզնից որոշ ժամանակ կպահանջի, բայց, երբ ձմռան ցուրտ օրերին սա մատուցեք տաք թեյի հետ, այդ երանելի պահին ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք այսօրվա չարչարանքի համար:

Եվ այսպես, զինվում ենք համբերությամբ ու սիրով սկսում համի հաճույքի պատրաստումը:

Դդումի մուրաբա

Դդումի մուրաբա. Անհրաժեշտ բաղադրիչներ

_5 կգ դդում

_6,5 կգ շաքարավազ

_մոտ 10 բաժակ ջուր (9,75)

Յուրաքանչյուր 1 կգ մուրաբայի համար

_1 պտղունց վանիլին

_1 գր կիտրոնի աղ

Կրաջուր

_5 լիտր ջուր

_300 գ կիր

Դդումի մուրաբա

Դդումի մուրաբա. Պատրաստման եղանակը

_Անհրաժեշտ է կճեպը մաքրող հատուկ սուր դանակով հեռացնել կեղևը, միջուկը հեռացնել և պտղամիսը կտրատել 3-4 սմ լայնությամբ և 1,5 սմ հաստությամբ՝ զիգզագաձև դանակով:

_Կտորները լցնել նախապես պատարստած կրաջրի մեջ, այնպես, որ դրանք ամբողջությամբ թաթախվեն լուծույթի մեջ, լավ խառնել, թողնել 60-70 րոպե:

_Դրանից հետո անմիջապես հանել կտորները կրաջրից, մի քանի անգամ լավ լվանալ հոսող ջրի տակ, ապա խաշել եռացրած ջրի մեջ 3-6 րոպե և նորից անմիջապես սառեցնել մաքուր, հոսող ջրի տակ: Այս գործողություններն արվում են դդմին անհրաժեշտ ամրություն հաղորդելու համար:

_Շաքարաջրի պատրաստման համար յուրաքանչյուր 1 կգ շաքարավազին պետք է ավելացնել 1,5 բաժակ ջուր և եռացնել 5-8 րոպե: Եռալուց հետո ցանկալի է շաքարաջուրը զտել 4 տակ ծալված մառլյայով, որ ունենա պայծառ գույն:

_Նախապատրաստված կտորները լցնել 8-10 կգ տարողությամբ էմալապատ կամ պղնձե ամանի մեջ, վրան ավելացնել շաքարաջուրը և եփել 40-60 րոպե:

_Բուրավետության և չշաքարակալելու համար, պատրաստ լինելուց րոպեներ առաջ ավելացնել վանիլին և կիտրոնի աղ ըստ համաչափության, ինչպես նշված է վերևում: Ցանկության դեպքում կարող եք մի փոքր դարչին և մի քանի մեխակ ավելացնել: Դրանք կարելի է լցնել մառյայի կտորի մեջ, կապել, և գցել մուրաբայի մեջ, վերջում հանել և դեն գցել, որ դառնահամ չտա: Եփելիս լավ կլինի թաց շորով պարբերաբար սրբել ամանի եզրերը շաքարի բյուրեղիկներից:

_Ստացված մուրաբան լցնել բանկաների մեջ և փակել կափարիչներով:

Դդումի մուրաբա

Դդումի մուրաբան պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ելակի Մուրաբա կոնյակով առանց եփելու Ելակը

Խնդրում ենք Գնահատեք