Մածունով կլոր գաթա. Մայրիկիս Բաղադրատոմսով Աշխարհի Ամենահամեղ Գաթան
Շերտավոր Գաթա մածունով խմորից: Այսօր Գաթա ենք թխելու, մեր հայկական ավանդական մածունով կլոր գաթան, ինչպես նաև այս արտակարգ մածունով խմորով նաև շերտավոր գաթա կթխենք։
Իմ մանկության հաճելի բույրն ու համը կփորձեմ փոխանցել նաև ձեզ, հուսով որ դուք էլ կփորձեք այս բաղադրատոմսը, գոհ կմնաք և կգրեք ինձ այդ մասին մեր բաց խմբում, կարող եք նաև լուսանկարել տեղադրել ձեր հաղորդագրության տակ։
Մածունով կլոր գաթա Բաղադրիչներ
_Ալյուր — 600 գր․
_Սոդա — 1 թ․գդ․
_Աղ — 0,5 թ․ գդ․
_Կարագ — 200 գր․
_Ձու — 3 հատ
_Մածուն — 300 գր․
_Քացախ — 1 թ․ գդ․
Խորիզ
_Ալյուր — 150 գր․
_Շաքարավազ — 150 գր․
_Կարագ — 100 գր․
_Ձիթայուղ — 50 գր․
Մածունով կլոր գաթա Պատրաստման եղանակը
_Հրուշակագործության կանոններին համաձայն փոշի բաղադրիչները առանձին պետք է խառնենք
_Ալյուրը միանգամից կլցնենք մոտ 500-600 գրամ, վրան կավելացնենք 1 թ․ գդ․ սոդա և կես թեյի գդալ աղ
_Մաղում ենք անպայման, եթե անգամ մեր օրերին ալյուրը մաքուր է և մաղված է տուփերում, մաղելն անհրաժեշտ է փոշի զանգվածը թթվածնով հագեցնելու համար և թխվածքը առավել փափուկ և հաջողված լինելու համար
_Անցնենք կարագիn. խմորի համար կկտրտենք 200 գրամ կարագ, իսկ խորիզի համար 100 գրամ և կթողնենք սենյակային ջերմաստիճանում լավ փափկելու
_Նիհարել ցանկացողներին պարզապես զգուշացնեմ, որ այս գաթաները որքան համեղ, այնքան էլ կալորիական են։ Կալորիական սնունդից ոչ թե պետք է հրաժարվել, այլ փորձեք այն ուտել օրվա առաջին կեսին։ Չնայած խորիզի և թխված գաթայի այս անուշաբույրը դժվար թե հնարավորություն տա սպասել մինչ առավոտ։
_Արդեն կարագը լավ փափկել է, այսպես ձեռքերով այն տրորելով ալյուրի մեջ լուծենք, ես այս խմորի, ինչպես նաև խորիզի մեջ կարագը յուղի չեմ վերածում, այսպես ավելի համեղ է ստացվում իմ կարծիքով
_Այս զանգվածի մեջտեղում փոսիկ անենք և արդեն ժամանակն է հեղուկ բաղադրիչները խառնելու
_3 ձու կոտրենք փոսիկի մեջ
_Մածուն ավելացնենք 500 գրամ պարտադիր սենյակային ջերմաստիճանի
_Ավելացնում ենք 1 թեյի գդալ քացախ 5 տոկոսանոց խնձորի քացախ
_Եվ սկսենք ձեռքերով հունցել՝ սկզբում տարայի մեջ, ապա արդեն սեղանին
_Այս հրաշք բաղադրատոմսը իմ մայրիկի բաղադրատոմսն է, և հիմա էլ պատրաստում եմ և հիշում խոհանոցից եկող անուշ գաթայի թխված բույրը, կարծես մանկությունից ինձ հասնի
_Խմորը հունցելուց ընթացքում, եթե կարիք կա կարող եք ալյուր ավելացնել, որպեսզի ընթացքում չկպչի մատներին
_Պետք է արդյունքում ստացվի շատ փափուկ, մատներին բացարձակ չկպող խմորը, որը պետք է բաժանենք 3 գնդի
_Ցելոֆանապատենք գնդերը, որպեսզի արտաքինից կեղև չկապի և պետք է դնենք կողքի՝ սենյակային ջերմաստիճանում մոտ կես ժամ հանգստանալու
_Այդ ընթացքում մենք կպատրաստենք համեղ խորիզ մեր համեղ գաթայի համար
_Ալյուր ենք վերցնում 150 գրամ, վրան ավելացնում ենք վանիլին մեկ ճաշի գդալ համարյա
_150 գրամ էլ շաքարավազ ենք ավելացնում և մաղում
_Մեր պրեզիդենտ կարագի 100 գրամանոց կտորն արդեն լավ փափկել է, ձեռքերով տրորում ենք ալյուրի մեջ
_Մեկ բուռ ձիթայուղ ենք վերցնում, դա խորիզը առավել փափուկ և կպչուն դարձնելու համար է, փոքրիկ գաղտնիք, լավ խառնում ենք
_Հաջողված խորիզը պետք է այսպես կպչուն լինի, պետք է գնդվի հեշտությամբ բռի մեջ, նույն կերպ հեշտությամբ էլ փշվրի, այդ դեպքում ուրեմն ամեն ինչ ճիշտ եք արել
_Համեղ խորիզը պատրաստ է դնենք կողքի
_Կես ժամ անց արդեն խմորը կարող ենք բացել և մեր կլոր գաթան թխել
_Մի փոքր ձեռքերով տափակեցնենք և գրդնակով բավականին մեծ տրամագծով շրջանակ ստանանք
_Այնքան փափուկ և հաճելի խմոր է, առանց ջանքերի գրդնակվում է, պղպջակ-փուչիկներով, ենթարկվող, մի խոսքով ընտիր խմոր
_Խորիզը աչքաչափով բաժանենք երեք մասի մեր գնդերին համապատասխան
_Մի մասը լցնենք խմորի վրա և մեր ցանկալի կլորության չափով տարածենք խմորի վրա
_Այնուհետև եզրերը կենտրոնում հավաքենք և փորձենք գրդնակելով աննկատ դարձնել, որպեսզի դուրս չգան այդ կարերի արանքից
_Երկու կողմից գրդնակելուց հետո տեղավորում ենք ջեռոցի տապակի վրա, իսկ այդ ընթացքում արդեն ջեռոցը միացնում ենք, որպեսզի լավ տաքանա
_Պատառաքաղով ծակծկում ենք մի քանի տեղից, որպեսզի գաթան չուռի շատ, հետո ցանկացած ձևով նախշեր անում, ես արևի նման եմ արել
_Մեկ ձուն ամբողջական հարում և քսում ենք գաթայի վրա
_Նախապես լավ տաքացված ջեռոցում 140 աստիճան ջերմաստիճանում եփում ենք մոտ 30-40 րոպե, հենց երեսը ցանկալի կարմրության դառնա հանում ենք, հիանում, կտրում և համտեսում, չնկարագրեմ համը, քանի դեռ չեք թխել ինքներդ, որպեսզի ավելորդ տեղը չգայթակղեմ ձեզ
_Այժմ թխենք նույն խմորով շերտերով գաթա, ոչ պակաս փառահեղ
_Վերցնենք երկրորդ գունդը սա արդեն ավելի լայն, հնարավորինս բարակ բացենք
_Խորիզի մեկ երրորդ մասն էլ այստեղ լցնենք և ամբողջ տարածքով տարածենք, մի փոքր վերջում պնդացնենք խմորի վրա, որպեսզի փաթաթելուց կամ կտրատելուց չթափվի
_Այժմ պետք է ռուլետի նման լայնքով փաթաթենք, բայց ոչ ամբողջությամբ շրջանաձև, այլ 5 սմ լայնությամբ, ահա մոտավորապես այսպես
_Վերջում եզրը վրա բերել և շրջել այնպես, որ եզրի շերտը մնա տակը
_Հարած ձուն ամբողջական, ոչ միայն դեղնուցը, քսենք խմորի վրա
_Սուր դանակով ալրոտած շեղակի կտրատենք, կարելի է նաև զիգզագ կտրատել, բայց ես այսպես եմ սիրում, հետո գեղեցիկ շերտերը փռվում են հստակ գծերով
_Տեսեք արդեն շերտերը հստակ երևում են
_Շարենք ջեռոցի տապակի վրա մի փոքր իրարից հետո, քանի որ թխվելու ընթացքում փռվում են կամ իրար կպնում
_Դնում ենք ջեռոցը նույն կլոր գաթայի սկզբունքով թխում
_Շատ գեղեցիկ են, նաև շատ տաք դեռևս, բայց հրաշք են
_Բացված շերտերով, փխրուն, բերանում հալչող, քաղցր, անուշաբույր համեղ գաթա
Հուսով եմ այս բույրը մեր խոհանոցում տարածված իմ բալիկների համար նույնպես մի օր մանկության բույր կհիշեցնի
Մածունով Կլոր Գաթա․ Շերտավոր Գաթա մածունով խմորից Տեսանյութ
Դե ինչ, բարի ախորժակ։












