Խառը ԹԹՈՒ ենք Դնում, Կարտոֆիլ ենք Խաշելու (Տեսանյութ)

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր մի պարզ տոն է մեզ մոտ, խառը թթու ենք դնում, կարտոֆիլ ենք խաշելու, սոխ կտրատելու և թթվի հետ մի համեղ տոնի ենք վերածելու երեկոն։

Թվում է թե խառը թթու դնելը շատ պարզ մի բան է, ով չի՞ կարող, բայց ես մի կարևոր կետ եմ նշելու այսօր, որին հետևելով այս տարվա ձեր թթուն ամենահաջողվածը կլինի՝ անպայման խրթխրթան, համեղ և շատ արագ վերջացող։

Խառը ԹԹՈՒ ենք Դնում

Խառը ԹԹՈՒ Բաղադրիչներ

_Կաղամբ — 1 գլուխ

_Ծաղկակաղամբ — 1 գլուխ

_Վարունգ — 8 հատ մանր

_Կանաչ լոլիկ — 4 հատ

_Գազար — 4 հատ

_Սոխ — 1 հատ

_Սխտոր — 2 գլուխ

_Դդմիկ — 1 հատ

_Ծիծակ — 1 հատ

_Աղ՝ պարտադիր խոշոր ծովի աղ — 3 լիտր ջրին — 200 գրամ խոշոր աղ

_Բահար, հատիկավոր պղպեղ, դափնու տերև

_Նեխուր մեկ կապ, ըստ ցանկության նաև համեմ կամ թարմ սամիթ

_Չորացրած սամիթ մեկ կապ

Խառը ԹԹՈՒ Քայլ առ քայլ

_Խառը թթուն ենթադրում է շուկայում առկա բոլոր բանջարեղենների համախումբ, բայց դուք ըստ նախասիրության կարող եք համալրել կամ հանել մեր ներկայացրած ցուցակից ձեր սիրելիները

_Սկսում ենք ամենաուշ թթվող բաղադրիչներից, որոնք հարկավոր է ամենատակի շերտերում տեղավորել, դրանք կաղամբազգիներն են

Խառը ԹԹՈՒ ենք Դնում

_Կաղամբը կտրատում ենք հնարավորինս փոքր կտորների, որպեսզի հետո հեշտ լինի հանելն ու ամբողջությամբ այդ բաժինն ուտելը

_Ծաղկակաղամբը բաժանում ենք իր բույլերին համաձայն ձեռքերով, դանակը շատ օգտագործելու դեպքում ծաղկակաղամբը փշրվում է, ձեռքով հեշտությամբ մեկական բաժնի ենք բաժանում

_Գազարը կտրում ենք ըստ ձեր հարմարության, կցանկանաք կարող եք կտրել երկայնքով, կցանկանաք շրջանակներով, կարելի է և ուղիղ դանակով և զիգզագով, ինչպես սիրում եք կամ սովոր եք։ Սա էլ ենք դնում կողքի

_Կանաչ լոլիկը կարող եք և ամբողջությամբ դնել, և կտրատել մի քանի մասերի, որ հետո ավելի հեշտ լինի ուտելը, ես տակի շերտերում ամբողջությամբ եմ դնում, իսկ վրայից կտրատած կտորները

_Վարունգները կտրատել չարժի, ամբողջությամբ պետք է դնել, ընդամենը եզրերը մի փոքր խորությամբ հեռացնել

_Ծիծակն էլ շերտատում ենք, որպեսզի շերտերի արանքներում լցնենք, եթե շատ կծու եք սիրում և տանը փոքրիկներ չունեք, կարող եք 2 ծիծակ դնել

_Թթվի մեջ ես նաև 1 գլուխ սոխ եմ դնում, բաժանում եմ 4 մասի և շերտերում դնում, հետաքրքիր համ է ստացվում

_Սովորաբար էմալապատ դույլ են վերցնում թթվի համար, դա պատահական ընտրություն չէ, էմալապատ տարայի մեջ թթուն երբեք չի լխկի կամ վնասական նյութերի քայքայում տեղի չի ունենա աղաջրի հետ հարաբերակցվելուց, ինչը հավանական է պլաստմասե տարայի դեպքում։ Բացի այդ դույլի ներքևի հատվածը առավել նեղ է, ինչը հնարավորություն է տալիս աղաջրին ամբողջությամբ հենց սզկբից ծածկել թթուն։ Նկարահանումների համար առավել հարմար էր այս տարբերակը, ուստի ես այս անգամ այս տարայի մեջ կհավաքեմ թթուն

_Ամենաներքևի շերտում շարելու ենք թարմ նեխուրի ցողուններն ու տերևները, այս կանաչին թթվի հիմնական համն ու հոտը տվողն է, առանց նեխուրի թթու չենք դնում, ինչպես նաև պարտադիր ցանկալի բաղադրիչ է նաև չորացրած սամիթի ցողունները

_Այս տերևների վրա լցնում ենք բահար, հատիկավոր սև պղպեղ և դափնու տերևներ

_Սխտորն էլ թթվի պարտադիր անբաժանելի բաղադրիչն է , նախապես մաքրում ենք, կարող ենք նաև ատամները կիսել ավելի ուժեղ և արագ համը թթվին փոխանցելու համար, կարող ենք հենց այսպես շարել տակը, ինչպես նաև շերտերի արանքում

_Սամիթի չորացրած ցողուններն ենք շարում, մեր սամիթը կարծես թե շատ է չորացել

_Ծիծակի կտորներ և ես նաև համեմ եմ դնում արանքները, շատ նուրբ համ է տալիս

_Սկսում ենք կաղամբից, հա, ուրախությունով անուշ լինի, հնում մեր տատիկները թթուն դնելիս սկզբում անպայման այս խոսքն էին ասում, դե մեծ իմաստություն կա խոսքի ուժի մեջ, մենք էլ հետևենք մեր տատիկների իմաստությանը

_Նաև մեկ նրբություն․ Պարտադիր է ուրախ տրամադրությամբ թթուն դնել, ցանկացած գործ խոհանոցում անում ենք երգելով և ուրախությամբ, ուտեստը դրանից անմահական համ է ստանում, հավատացեք

Ծաղկակաղամբն էլ շարեցինք

Խառը ԹԹՈՒ ենք Դնում

_Սոխը տեղավորելու իսկական ժամանակն է, գազարն ու մյուս մանր բաղադրիչներն էլ չենք մոռանում ընթացքում շարել, պարտադիր չէ շարվածքը լինի կոնկրետ կետ առ կետ, կամայական ազատ շարեք՝ թթվի համը դրանից չի տուժի

_Վարունգներն ու ամբողջական և կտրատած լոլիկը վերևի շերտում

_Ամենավերևից դնում ենք մեկ դդմիկի կտատած շերտեր, որը ամենաառաջինը կթթվի հաստատ

_Վրայից նորից նույն հերթականությամբ բոլոր մանր բաղադրիչները և արդեն կարծես թե աղաջուրը բռնելու ժամանակն է թթու դնելու ամենակարևոր պահը, որից կախված է ձեր թթվի համը

_Իմ տատիկը թթուն դնում էր Քարի խոշոր աղով, բայց ես արդեն որպես երկրորդ սերունդ նախապատվությունը տալիս եմ ծովի խոշոր աղին։ Քանի որ, դուք էլ կփաստեք, որ քարի խոշոր աղը այդպես էլ չի լուծվում ջրում և սև քարե նստվածք է տալիս այդ ջրի, հետևաբար նաև թթվի տակ։

  • Եթե վերցնեք սովորական մանր քարի աղ, հիմնականում այդ դեպքում արդեն թթվելուց հետո ջուրը արագ դառնում է լպրծուն և շուտ թթուն լխկում է։

_Դրա համար է, որ ես գտել եմ ամենահարմար լուծումը և օգտագործում եմ վերջին տարիներին թթվի աղաջրի համար կոնկրետ ծովի խոշոր աղ։ Նախապատվությունը տալիս եմ շուկայում առկա տեսականուց իսպանական Դելտասալ բրենդին։

_Լավ աղը երբեք շատ չի լինում խոհանոցում՝ թթու ենք դնում, բաստուրմա շուտով կդնենք մեր եթերում որակյալ և համեղ աղի կարիք շատ կունենանք, հատկապես որ Դելտասալ ապրանքանիշը բավական մատչելի է, իր լավ որակի համեմատ։

_Իսկապես շատ կարևոր է թթվի աղը ճիշտ ընտրել, աղը ընտրեցինք հիմա չափաբաժինը որոշենք

_Մեկ լիտր ջրին հարկավոր է լցնել մեկ խոշոր գդալով խոշոր աղ, մանրը դնենք կողքի

_Այս խոշոր գդալը համարժեք է 2 ճաշի գդալին

_Իմ նշած ծավալով թթվի համար մեզ անհրաժեշտ է վերցնել 3 լիտր ջուր, ես երեք անգամ կբացեմ այս սկզբունքով և կլցնեմ ամբողջությամբ թթվի վրա։ Ահա տեսեք ինչ արագ ամբողջությամբ լուծվեց, ընդ որում առանց որևէ նստվածքի, իդեալական աղաջուր ստացվեց

_Այն ամբողջությամբ լցնում ենք թթվի վրա

_Եթե նշված չափով ջուրը չծածկի ձեր թթվի ողջ ծավալը, կարող եք չանհանգստանալ։ Ջուրը կարող է հենց սկզբից չծածկի ողջ թթուն

_Հարկավոր է թթվի վրա դնել ափսե, կամ մեր դեպքում առավել հարմար է այս սինին, լավ սեղմել զանգվածը, ավելին, հարկավոր է թթվի վրա ծանրություն դնել, դա կարող է հատուկ քար, փակոց կամ մեր դեպքում սպորտային ծանրաքար լինել, որը նույնպես շատ հարմար է։

_Օրվա ընթացքում այն իր ծանրության տակ կիջեցնի զանգվածը, ջուրը կբարձրանա և կծածկի մեր թթուն

_Եթե տաք սենյակում պահեք թթուն, ապա ամենաուշը տաս օրից կամ  նույնիսկ  մեկ շաբաթից այն պատրաստ կլինի։

Կարտոֆիլը կխաշենք, ձուկը կկտրատենք, հա, սոխը չմոռանանք և իհարկե՝ թթուն:

Խառը ԹԹՈՒ Տեսանյութ

ՄԱԼԱԿԱՆԻ ԹԹՈՒ Ամենապարզ Եղանակով․ Խրթխրթան և Համեղ

Բրոկոլի Ենք Թթու Դնում — Անհավանական Համեղ Թթու

Բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք