Շքեղ Աղցան Ցեզար Հատուկ Սոուսով (Տեսանյութ)

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստելու ենք շքեղ աղցան Ցեզար հատուկ սոուսով, Հյուրերին զարմացնելու և հիացնելու ամենահեշտ տարբերակն եմ ձեզ առաջարկում։ Տոնական սեղանի իսկական զարդ է։

Շքեղ Աղցան ՑԵԶԱՐ Հատուկ Սոուսով

Շքեղ Աղցան Ցեզար Բաղադրիչներ

  • Հազար — 1 կապ
  • Հավի կրծքամիս — 300 գր․
  • Հաց — կես բուխանակա կամ բատոն
  • Լոլիկ — չերի կամ 1 սովորական մի ջին չափի
  • Պանիր Պարմեզան — 50 գր․
  • Սիրելի համեմունքների խումբ՝ համեմի սերմ, չաման, պղպեղներ, չոր աջիկա

Սոուս

  • Ձվի դեղնուց — 1 հատ
  • Սխտոր — 1 ատամ
  • Ձիթայուղ
  • Մանանեխ — 1 թ․ գդ․
  • Մայոնեզ — 1 թ․ գդ․
  • Կիտրոն — 1 հատ
  • Աղ՝ ցանկալի է ծովի աղ օգտագործել

Շքեղ Աղցան ՑԵԶԱՐ Հատուկ Սոուսով

Աղցան Ցեզար Քայլ առ Քայլ

  • Հարկավոր է հավի կրծքամիսը նախապես խաշել և համաչափ միջին խոշորության քառակուսի կտորների բաժանել
  • Կտրատված հավի կրծքամսի վրա աղ ենք ցանում, սիրելի համեմունքների խառնուրդից ենք ավելացնում, ես բաղադրիչների ցանկը տեսանյութի տակ կթողնեմ
  • Ձիթայուղ ենք ավելացնում և դնում կրակին
  • Այն պետք է տապակենք, որպեսզի ոսկեգույն կեղև կապի և դառնա խրթխրթան, կարելի է նաև կրտատել տապակելուց հետո, դա էլ է տարբերակ
  • Մինչ այն կպատրաստվի մենք նախապատրաստենք չորահացը, կարելի է իհարկե ձեռք բերել արդեն պատրաստի համեմված չորահաց, բայց էկո աղցան ստանալու համար, եկեք մենք ինքներս պատրաստենք սովորական թարմ հացից այս պարզ հաջորդականությամբ
  • Նույն խոշորության քառակուսիների նաև հացը վերածենք, որը հավի կրծքամսի նման պետք է տապակենք
  • Սովորաբար խոհանոցում, հատկապես աղցանների մեջ ես պարտադիր օգտագործում եմ ծովի աղ, այն առավել ընդգծված համ է հաղորդում ուտեստին, ունի շատ օգտակար հատկություններ։ Պարզապես պետք է ծովի աղն էլ ճիշտ ընտրել
  • Հաջորդը հացի վրա ցանում ենք մեր սիրելի համեմուքների խառնուրդը
  • Իսկ ձիթայուղերից աղցանների համար վերցրեք զեյթունի ձիթայուղ, ինձ նման ինքներդ ստեղծեք ձեր հագեցված համով ձիթայուղը, մեջը ավելացնելով դափնու տերև, բահար, կծու պղպեղի շերտեր, ինչ սիրում եք
  • Հացն էլ կտապակենք, կեղև կապելուց հետո կդնենք կողքի
  • Այժմ սուսը պատրաստելու ժամանակն է՝ վերցնում ենք մեկ ձվի դեղնուց, վրան ավելացնում սիրելի ձիթայուղը, ծովի աղը, մեկ թեյի գդալ  մայոնեզ, մեկ թեյի գդալ մանանեխ և հարիչով այսքանը հարելու ենք
  • Դուք իհարկե կարող եք չպատրաստել Ցեզարի դասական սոուսը, այլ պարզապես կարող եք գնել մայոնեզ կամ թթվասեր, այդպես էլ համեղ կստացվի, բայց քանի-որ որոշել ենք հյուրերին զարմացնել, ուրեմն պետք է մի փոքր ջանք թափենք։
  • Կիտրոնը կիսում ենք և հյութը ճզմում սոուսի մեջ
  • Պարմեզան պանիրը նաև մի փոքր հարկավոր է քերել սոուսի մեջ, կրկին հարել
  • Վերջում ավելացնել սխտորի մեկ ատամ, միջին չափով կտրատելով ավելացնենք սոուսին և հարենք
  • Սոուսը պատրաստ է դնում ենք կողքի

Շքեղ Աղցան ՑԵԶԱՐ Հատուկ Սոուսով

  • Լոլիկը կարող է չերի լինել, մեր դեպքում այն սովորական միջին չափի լոլիկ է, մեկ հատը այս դեպքում բավական է, հարկավոր է այն մյուս բաղադրիչների չափով կտրատել
  • Բաղադրիչները բոլորը արդեն պատրաստ են, ժամանակն է հավաքելու աղցանը
  • Առաջին հիմնական շերտը հազարի տերևներն են և կտրատված մարոլը, հարկավոր է լավ մեծ փռված ափսե վերցնել, քանի որ այս  աղցանը չեն խառնում, իսկ նման ափսեով շքեղ տեսք է ստանում աղցանը
  • Մարոլի տերևների վրա հավի կրծքամիսն ենք շարում, կարելի է ասել շաղ տալիս, աղցանն ինքնին պետք է երկրաչափական հստակությամբ չհավաքենք, այլ հնարավորինս անփույթ կերպով ստեղծագործական խառնաշփոթ ստանանք
  • Աղը շատ չենք ցանելու, քանի որ ամեն բաղադրիչի մեջ արդեն որոշ չափով կա
  • Սոուսը պետք է պարբերաբար լցնենք շերտերի վրա
  • Հաջորդում է լոլիկը, ի դեպ աղցանը պետք է հավաքել հյուրերի գալուց անմիջապես առաջ, որպեսզի այն չփչանա
  • Ընդ որում չորահացը ամենավերևի շերտում պետք է լցնել, որ հնարավորինս երկար չոր մնա
  • Նորից սոուս․․․
  • Մի փոքր կիտրոն ենք ճզմում աղցանի վրա, եթե կիտրոնի թթվությունը ձեզ դուր չի գալիս կարող եք հրաժարվել
  • Ցեզար աղցանի վրա իտալական չոր պարմեզան պանիր ենք քերելու, որն առաջներում ոսկուն համարժեք էր իր գնով, անգամ գրավի տակ էր դրվում։ Վերջ։

Շքեղ աղցան, աննկարագրելի նուրբ համով։

Աղցան ՑԵԶԱՐ Հատուկ Սոուսով Տեսանյութ

Դե ինչ բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք