Շերտավոր Խմոր․ Ընտիր, Չստացվելու ոչ մի Տարբերակ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստելու ենք ընտիր Շերտավոր խմոր, որը չստացվելու ոչ մի տարբերակ չունի, անգամ սկսնած թխողները հենց առաջին անգամից կստանան պղպղջակներով գրդնակվող խմոր և հրաշալի շերտերով թխվածք։

Բաղադրիչներն էլ բավականին պարզ են, ընթացքում կտեսնեք։

Շերտավոր Խմոր

Շերտավոր Խմոր Բաղադրիչներ

_Ձվի դեղնուց — 3 հատ

_3 բաժակ գոլ ջուր

_Ձիթայուղ — 1 բաժակ — 200 գրամանոց

_Քացախ — 1 ճ․ գդ․

_Լիմոնի աղ — 0,5 թ․ գդ․

_Աղ — 1 թ․ գդ․

_Ալյուր — 1կգ․ մոտ, այնքան որ ստացվի փափուկ ձեռքերին չկպնող խմոր

_Կարագ — 750 գրամ (3 տուփ- կես տուփ յուրաքանչյուր գնդի համար)

Շերտավոր Խմոր Պատրաստման եղանակը

_3 ձվի դեղնուցը առանձնացնենք, մի փոքր խառնենք

_Պետք է ավելացնենք 3 բաժակ գոլ ջուր, բաժակի չափսը 200 գրամ է

_Յուրաքանչյուր բաղադրիչը լցնելուց հետո խառնում ենք և անցնում հաջորդին

_Նույն բաժակով լիքը ձիթայուղ ենք լցնում

Շերտավոր Խմոր

_Այնուհետև քացախ 1 ճաշի գդալ

_Որին կհաջորդի 1 թեյի գդալ աղը, կարելի է և ավելի քիչ ավելացնել աղ

_Կես թեյի գդալ լիմոնի աղ ենք լցնում, դա շերտավոր խմորի պարտադիր բաղադրիչն է, կարելի է ասել

_Այժմ սկսում ենք ալյուրը լցնել այնքան, որ ստացվի փափուկ ձեռքերին չկպնող խմոր, մոտավորապես 1 կիլոգրամ է լինելու

_Սկզբնական կարելի է 2-3 բաժակ լցնել, ապա պարբերաբար ավելացնել խառնելով ըստ անհրաժեշտության

_Սեղանին ավելի հարմար է․ շարունակենք սեղանի վրա

_Երբ արդեն խմորը կհավաքվի և չի կփչի մատներին, արդեն կարող ենք գլանակաձև զանգվածը մեր, բաժանել 6 մասի

_6 գունդը իդեալական է այս չափաբաժնի համար, որպեսզի հետագայում էլ հեշտ լինի բացելը

_Գնդում ենք յուրաքանչյուր չափաբաժինը և սկուտեղը ալրոտում ենք և շարում վրան

_Կերակրի թաղանթով անպայման ծածկենք, կարող ենք նաև յուրաքանչյուրը առանձին առանձին ցելոֆոնապատենք, բայց այս կերպ էլ շատ հարմար է, վրան էլ սրբիչով կծածկենք և մեկ ժամով կդնենք կողքի, որպեսզի խմորը հանգստանա

_Մեկ ժամ անց արդեն պետք է կարագով լցոնենք, բառիս բուն իմաստով, այս փուլում գրդնակ չենք օգտագործում, պարզապես մի փոքր ալրոտենք տարածքը և խմորը մատներով բացենք մի փոքր

_Կես տուփ փափկած կարագը 200-225 գրամ դնում ենք այս խմորե շրջանակի կենտրոնում, մի փոքր տարածում մատներով և փակում մեր լցոնած գունդը ահա այսպես

_Բոլոր գնդերը կարգավորելուց հետո, դե կարագով լցոնելուց և ցելոֆոնապատելուց հետո թողնում ենք մեկ ժամով հանգստանա

_Մեկ ժամ անց արդեն պետք է առաջին անգամ բացենք՝ գրդնակենք

_Գրդնակում ենք մեծ տրամագծով որքան հնարավոր է, այն պետք է ծալենք հետևյալ սկզբունքով, աջից դեպի կենտրոն բերենք և նույնն էլ ձախից, այնպես, որ իրար վրա չնստեն եզրերը և հատվեն ուղիղ կենտրոնում

_Ապա վրա ենք բերում և ծալում ենք հենց կենտրոնից

Շերտավոր Խմոր

_Շերտավոր խմորի դեպքում ամեն նրբություն պետք է հաշվի առնել, քանի-որ անգամ ծալելու ձևից կախված խմորի որակը կարող է ընկնել

_Ահա այսպես իրար վրա բերելով, նորից հետևելով, որ ծալքերը իրար վրա չընկնեն ծալում ենք, կրկին շարում սկուտեղի վրա և նորից պետք է թողնենք մեկ ժամով հանգստանալու սենյակային ջերմաստիճանում

_Այս ընթացքում դեռ սառնարան դնելու կարիք չկա

_Մեկ ժամ անց երկրորդ անգամ ենք բացելու

_Եվս մեկ նրբություն, մինչև գրդնակել սկսելը հարկավոր է մատներով մի փոքր տարածել այնպես, որ աջ և ձախ կողմերից շերտերը հնարավորինս չլղոզվեն և հնարավորինս երկար ժամանակ պահպանվեն գրդնակելու ընթացքում

_Հերթական անգամ բոլոր գնդերը բացել և նշված սկզբունքով փակելուց հետո կրկին թողնում ենք մեկ ժամ սենյակային ջերմաստիճանում հանգստանալու

_Այո, շերտավոր խմոր պատրաստելիս պետք է զինվել մեծ համբերությամբ և սիրով պատրաստել խմորը, որպեսզի թխվածքի յուրաքանչյուր շերտ լավ բացվի

_Երրորդ անգամ ենք բացում և փակում մեկ ժամ անց, ձեզ չխճճվելու համար նաև գրավոր նշել եմ, այո սա երրորդ անգամն է

_Եթե պատրաստվում եք անմիջապես թխվածք թխել, ապա երրորդ անգամ բացել փակելուց հետո սենյակային ջերմաստիճանում կթողնենք ևս մեկ ժամ խմորին հագստանալու և նոր կսկսենք թխել

_Իսկ եթե հաջորդ օրն եք պատրաստվում թխել որևէ շերտավոր թխվածք, ապա սկուտեղով ցելոֆանապատ գիշերը թողեք սառնարանում

_Եթե ամբողջը չեք թխելու, և մի քանի օր կամ ընդհուպ մինչև ամիս կարիք չեք ունենալու թխելու մնացած գնդերը, ապա անմիջապես երրորդ անգամ բացելուց հետո արդեն պահեք սառցախցիկում

_Խոստանում եմ ձեզ մեր պատրաստած այս խմորից շատ գեղեցիկ շերտավոր գաթայի կտրվածքներ ներկայացնել  մեր հաջորդ տեսանյութերից մեկում

Շերտավոր Խմոր․ Ընտիր, Չստացվելու ոչ մի Տարբերակ Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք